Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1224 - Ն

2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «2016 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1138-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2016 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016 թվականի նոյեմբեր - 2017 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2016 թվականի ձմեռային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2016 թվականի ձմեռային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս՝ փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023