Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2016, 1253 - Ն

«ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.04629) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 278.210.03426):
2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3. Սահմանել, որ՝
1) «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային» բառերը փոխարինել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային» բառերով.
2) որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունում «(այսուհետ՝ ինստիտուտ)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ կենտրոն)» բառերով, 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում, 7-րդ կետի «բ» ենթակետում «ինստիտուտին» բառը փոխարինել «կենտրոնին» բառով, 5-րդ և 8-րդ կետերում, 7-րդ կետի «ա» ենթակետում «ինստիտուտի» բառը՝ «կենտրոնի» բառով.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
2) իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
3) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
4) դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
5) քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
6) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.
7) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների, ինչպես նաև դատապարտյալների համար համապատասխան կրթական ծրագրերով բարձրագույն կրթության իրականացումը.
8) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումները.
9) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
10) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:».
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել կենտրոնին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում, ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
5) իր աշխատողների, սովորողների (ունկնդիրների) և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
6) հրաձգարանների գործունեություն.
7) պատանի հանդիսատեսի և մանկական թատրոնների ներկայացումների ցուցադրում.
8) ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
9) ինքնագործ նկարիչների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
10) զարդակիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
11) սիրողական ակումբների և ստուդիաների անդամների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
12) ժողովրդական ստեղծագործության ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում և անցկացում.
13) փշալարերի և թույլ տեսանելի մետաղալարերի արտադրություն.
14) մետաղե մահճակալների արտադրություն.
15) ցեմենտ-բետոնյա տարբեր չափերի միջնորմային սալիկների արտադրություն.
16) կար ու ձևի և կոշիկի արտադրություն.
17) կահույքի արտադրություն.
18) հացի և հացամթերքի ու հրուշակեղենի արտադրություն.
19) ապրանքամանների (տարրա) արտադրություն.
20) կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն.
21) հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում.
22) այգեգործություն և բերքի վերամշակում.
23) անասնապահություն, թռչնաբուծություն և մեղվաբուծություն.
24) քրեակատարողական հիմնարկներում կրպակային գործունեություն (խանութ՝ մանրածախ առևտրի) և էլեկտրոնային (առցանց խանութ) առևտուր.
25) ծրագրային ապահովման մշակում:».
5) որոշման 5-րդ կետում «ե» ենթակետով նախատեսված լիազորությունը» բառերը փոխարինել «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված լիազորությունները» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
ա. կատարել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
բ. հաստատել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով պետական գրանցումը,
գ. «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
2) «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման պահից երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» հիմնադրամի վերակազմավորելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման պահից:


 

Արխիվ

2024

2023