Կառավարության որոշումներ

8 Դեկտեմբերի 2016, 1260 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարներին համայնքների ավագանիների որոշումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով համայնքների հետ կնքել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (այսուհետ՝ գույք-1) նվիրատվության մասին պայմանագրեր՝ ընդունված գույքը հաշվառելով համապատասխան ջրամատակարար ընկերությունների հաշվեկշռում՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել Հայաստանի Հանրապետությանը հետագա օտարման պայմանով համայնքներից նվիրատվությամբ ստացված և ընկերությունների հաշվեկշիռներում առկա գույքի նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ու Կոտայքի մարզերի համայնքների և Երևանի համայնքի ավագանիների որոշումներին համապատասխան՝ համայնքների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (այսուհետ՝ գույք-2) նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Շիրակի ու Լոռու մարզերի համայնքների ավագանիների որոշումներին համապատասխան՝ համայնքների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Նոր Ակունք», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում համայնքներին պատկանող բաժնետոմսերի նվիրատվության մասին պայմանագրեր և իրականացնել բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշման 1-ին ու 2-րդ կետերում նշված գույք-1-ի և գույք-2-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո գույք-1-ը և գույք-2-ը ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմին:
4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Հավելված

Արխիվ

2024

2023