Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1393 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ «Մ. ԱՐԱՄՅԱՆՑԻ ՏՈՒՆ (ԱՄԱՌԱՆՈՑ)» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով ու «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.
1. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (այսուհետ` հուշարձան) և դրա պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմական կառույցների վերականգնման, դրանց բարենպաստ տեսողական ընկալման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանման և տարածքի կառուցապատման կանոնակարգման ու բարեկարգման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով օտարված գույքի՝ «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ու դրա տարածքի (27,1 հեկտար) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`
ա. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի հուշարձանն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,
բ. հնարավոր կլինի իրականացնել սեփականության իրավունքի արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված պատմամշակութային արժեքի նախնական տեսքի վերականգնման և նորոգման աշխատանքներ,
գ. ելնելով նախնական գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից` հնարավորություն կստեղծվի լուծելու դրա զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,
դ. հուշարձանի օտարումը և վերականգնումը կնպաստեն համայնքի կողմից մշակութային ծրագրերի իրականացմանը, ինչն Ախթալայի, ինչպես նաև մոտակա համայնքների բնակչությանը հնարավորություն կտա լիարժեք մասնակցելու մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը,
ե. Մ. Արամյանցի ամառանոցի շենքի գիտականորեն հիմնավորված վերականգնումը գրավիչ կդարձնի հուշարձանը, կնպաստի հուշարձան այցելությունների աճին և բնակչության զբաղվածության ապահովմանը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի կառուցապատման արդյունավետ կանոնակարգումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ կատարված շինարարական աշխատանքներն արդեն իսկ խաթարել են հուշարձանի պատմական միջավայրը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետը.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի մարտի 1-ն է.
4) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատող կազմակերպության միջոցով ճշտել փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023