Կառավարության որոշումներ

16 Մարտի 2017, 271 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը իր ենթակայության «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Կոմիտասի 49) (այսուհետ` ընկերություն) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (200 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 10 000 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի դեկտեմբերի 1-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 3 977 900 դրամ.
3. Ընկերության պարտավորությունները 2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 61 049 300 դրամ, այդ թվում՝
1) կարճաժամկետ փոխառություններ` 10 161 000 դրամ.
2) կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 224 500 դրամ.
3) ստացված ընթացիկ կանխավճարներ` 45 000 000 դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 978 200 դրամ.
5) կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 4 502 500 դրամ.
6) կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)` 183 100 դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2010-2015 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 21 600 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

 

Արխիվ

2024

2023