Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 348 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով) մասով ձեռնպահ մնալ տվյալ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց, եթե պարտապանի ակտիվների արժեքը բավարարում է պարտատերերի պահանջներն ամբողջովին մարելու համար:
2. Սահմանել, որ պետական կառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց ակտիվների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից՝ համապատասխան դիմումի դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023