Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 473 - Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՔՍԵՍ ԻՆՖՐԱ ՍԵՆԹՐԱԼ ԷՅԺԱ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի, Դդմաշենի, Զովաբերի համայնքների, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի, Հրազդանի համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդհանուր՝ մինչև 1,250 հեկտար, առանց մրցույթի՝ վարձակալության իրավունքով տրամադրումն «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից (ստեղծված՝ Ջեբել Ալի, Ազատ Առևտրի գոտու լիազոր մարմնի կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենքների համաձայն, ընկերության գրանցման համարը՝ 178106) (այսուհետ՝ հիմնական ընկերություն) Հայաստանի Հանրապետությունում գրանցված դուստր ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)՝ հիմնական ընկերության կողմից ներկայացված վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով: Վարձակալության պայմանագրով սահմանել վարձակալի՝ հողամասերի վարձակալության, գնման նախապատվության իրավունք, 3 տարի վարձակալության ժամկետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ (եթե այդ ժամկետն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ներկայացված ներդրումային ծրագրի քննարկման համար), վարձակալության վճարի չափը հաշվարկել հողի տարեկան հարկի չափով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից՝ հողամասի համար սահմանված անշարժ գույքի տարեկան հարկի չափով: Վարձակալության պայմանագրով սահմանել, որ վարձակալն իրավունք ունի վարձակալված հողամասերն օգտագործելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ուսումնասիրությունների, գնահատումների (ներառյալ կայմերի և այլ անհրաժեշտ սարքավորումների տեղադրումը) իրականացման նպատակով:
2. Հաստատել հողամասի վարձակալության պայմանագրի ձևը՝ համաձայն հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 273 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշենի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 217 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբերի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 238 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 288 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքի ղեկավարին ընկերությանն առանց մրցույթի՝ վարձակալությամբ տրամադրել մինչև 234 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր՝ համաձայն հավելվածի, վարձակալության պայմանագրի հիման վրա:
8. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագրերը կկնքվեն հողամասերի չափերը և կոորդինատները լրացուցիչ չափագրումների արդյունքներով համայնքների հետ համաձայնեցնելուց հետո, իսկ հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ 36 ամսվա ընթացքում ընկերության հետ քննարկել ներդրումային ծրագրի (այսուհետ` ներդրումային ծրագիր) մանրամասները և ընկերությունից ներդրումային ծրագիրն ստանալուց հետո առավելագույնը 3-ամսյա ժամկետում ապահովել ներդրումային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը: Ներդրումային ծրագրի հաստատման դեպքում առավելագույնը 60-օրյա ժամկետում ստորագրել շրջանակային համաձայնագիր (այսուհետ՝ շրջանակային համաձայնագիր)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հիման վրա: Հաշվի առնել, որ ներդրումային ծրագրի հավանության արժանացման պահից հետո ընկերությունն իրավունք կունենա գնելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրով նախատեսված հողամասերը՝ առանց մրցույթի և դրանց կադաստրային արժեքով: Հողամասերը կօտարվեն ընկերությանը՝ առանց մրցույթի, 60-օրյա ժամկետում, կադաստրային արժեքով՝ պայմանով, որ այդ պահին կնքված կլինի շրջանակային համաձայնագիրը: Հողամասերի նպատակային նշանակությունը հողամասերի օտարման պահին պետք է ընկերությանը հնարավորություն տա այդ հողամասերում իրականացնելու վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրություն: Հողամասերի՝ առանց մրցույթի ուղիղ վաճառքի էական պայման պետք է լինի ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումները (որոնք անհրաժեշտ են վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրությունն սկսելու համար) 3 տարվա ընթացքում (եթե ավելի երկար ժամկետ չսահմանվի շրջանակային համաձայնագրով) կատարելը, իսկ նշված ժամկետի խախտման դեպքում սահմանել պարտավորություն, որ ընկերությունը ձեռք բերված հողամասերն անհատույց հետ փոխանցի սեփականատիրոջը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրի վարձակալված կամ գնված հողամասերում իրականացված Քամու չափումների ծրագրի մասին տեղեկությունները:
10. Սահմանել, որ ընկերության կողմից ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված ներդրումային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատվելու դեպքում ընկերությունը հետագա 3 տարում պահպանում է ներդրումային ծրագրով առաջարկված և սույն որոշման համաձայն վարձակալված հողամասերն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակությամբ օգտագործման նպատակով վարձակալելու, գնելու նախապատվության իրավունքը:


Հավելված

Արխիվ

2024

2023