Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2017, 483 - Ն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:
4. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքի հիման վրա ստեղծված մարմինների ղեկավարներին`
1) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև 5-օրյա ժամկետում ներկայացված հաշվետվությունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում.
2) ապահովել համակարգող խորհրդի անդամների մասնակցությունը համակարգող խորհրդի նիստերին և հանրային քննարկումներին.
3) ապահովել համակարգող խորհրդի անդամների կողմից եռամսյակային կտրվածքով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցները ներկայացնելը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023