Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2017, 521 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի ավագանու՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի N 88 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի N 13 հասցեում գտնվող՝ 889.200 դրամ կադաստրային արժեք ունեցող, 0.26 հեկտար մակերեսով հողատարածքի նվիրատվությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության միջոցների հաշվին կառուցվող շենք-շինությունների շինարարական աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շինարարական փաստաթղթերը կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնելու և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) սույն որոշման 3-րդ կետով սահմանված շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո ապահովել շենք-շինությունների պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառման աշխատանքների իրականացումը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա կառուցվող շենք-շինությունների անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոց, N 15 հասցեում գտնվող՝ 2658.6 քառ. մետր մակերեսով, 27065577 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունները և դրանով ծանրաբեռնված՝ 0.584 հեկտար մակերեսով ու 1997280 դրամ կադաստրային արժեքով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքին՝ մեկհարկանի շենքն այնտեղ բնակվող ընտանիքներին նվիրելու, իսկ երկհարկանի շենքը որպես համայնքային կենտրոն օգտագործելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համայնքի միջոցների հաշվին և սույն որոշման 3-րդ կետում նշված շինարարական աշխատանքների ավարտից հետո 10 օրվա ընթացքում՝ հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
 

Արխիվ

2024

2023