Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2017, 495 - Ա

«ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան 125 հասցեում գտնվող` 207327686 դրամ հաշվեկշռային արժեքով` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 6911.7 քառ. մետր մակերես ունեցող շենքով և 192.3 քառ. մետր (5.3, 11.9, 95.0, 30.0 և 50.1 քառ. մետր) մակերես ունեցող շինություններով, ինչպես նաև դրանց զբաղեցրած, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) ընդհանուր՝ 0.5405 հեկտար բաժնային սեփականություն հանդիսացող հողամասով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերության տնօրենի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
6. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված`
1) Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 հասցեում գտնվող շենքի 5-րդ
հարկի՝ 757.6 քառ. մետր մակերեսով և 6-րդ հարկի՝ 759.5 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունից.
2) Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 հասցեում գտնվող՝ 2125.7 քառ. մետր
մակերեսով տարածքը՝ իր պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված)՝ 905.9 քառ. մետր մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմող՝ 2126/6645 և Երևան քաղաքի Վարդանանց փակուղի, N 8 շենքի 5/1 հասցեում գտնվող՝ 154 քառ. մետր մակերեսով տարածքը՝ իր պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված)՝ 905.9 քառ. մետր մակերեսով հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմող՝ 154/6645 տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ընկերությանը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 578 որոշման հիման վրա «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված՝ սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման հետ կապված նոտարական վավերացման և գույքային իրավունքների դադարեցման ծախսերն իրականացվելու են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023