Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2017, 529 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` 375042, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, «Զվարթնոց»-2) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 192.443.882 դրամ սկզբնական արժեքով և 37.486.805 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման ճանապարհով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ստեղծել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» (պետական գրանցման համարը` 271.140.00494) փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման ձևով վերակազմակերպման միջոցով:
4. Սահմանել, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:
5. Սահմանել, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները՝
1) ինքնաթիռների թռիչքների օդերևութաբանական սպասարկման իրականացումն է.
2) աերոսինոպտիկական նյութերի մշակումը և վերլուծությունն են.
3) ամրակցված տարածքի եղանակի կանխատեսումն է.
4) ավիացիայի համար եղանակային վտանգավոր երևույթների առաջացման վերաբերյալ շտորմային նախազգուշացումների կազմումն ու դրանց ճշգրտումներն են.
5) թռչող անձնակազմերին օդերևութաբանական համապատասխան փաստաթղթերով ապահովումն է.
6) օդանավակայանում փաստացի եղանակի դիտարկումների կատարումն է.
7) ավիացիոն օդերևութաբանական հետազոտությունների իրականացումը և եղանակային կանխատեսման նոր մեթոդների ներդրումն են:
6. Թույլատրել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել «Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքների կատարում» ձեռնարկատիրական գործունեության տեսակը:
7. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաս-տանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
8. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04768):
9. Սահմանել, որ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքների կատարում (քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքներ, ինքնաթիռների թռիչքների օդերևութաբանական սպասարկման իրականացում, ամրակցված տարածքի եղանակի կանխատեսում, ավիացիայի համար եղանակային վտանագավոր երևույթների առաջացման վերաբերյալ շտորմային նախազգուշացումների կազմում ու դրանց ճշգրտումներ, օդանավակայանում փաստացի եղանակի դիտարկումներ)».
2) որոշման 5-րդ և 6-րդ կետերում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 383-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):»:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը քաղաքացիա-կան ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N 153 որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի գույքագրումը, դրանց պետական գրանցումը, որից հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով չամրացվող գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը հանձնելու վերաբերյալ.
2) սույն որոշման 1-6-րդ կետերով սահմանված գործընթացների ընթացքում ապահովել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական անխափան ապահովման աշխատանքների կատարումը.
3) իրենց իրավասության սահմաններում ապահովել սույն որոշման 3-րդ կետով սահմանված վերակազմակերպման գործընթացի իրականացումը, այդ թվում՝ հաստատելով փոխանցման ակտը, վերակազմավորման կարգը և պայմանները:
14. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել միացման պայմանագիրը, միացող կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող)` պետական կազմակերպությանը փոխանցման ակտը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը և արժեքը.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման գործունեություն իրականացնելու համար թույլտվության ստացման հայտը ներկայացնելը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշման պահանջներին համապատասխան:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023