Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2017, 823 - Ա

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վ. Վաղարշյան N 19 հասցեում գտնվող՝ 2017 թվականի մայիսի 18-ի դրությամբ 57050000 դրամ գնահատված արժեքով՝ 267.0 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ գույք 1) փոխանակել քաղաքացի Արմեն Ղասաբօղլյանին (անձնագիր` AM0524867, տրված՝ 18.11.2011 թ., 004-ի կողմից) (այսուհետ՝ քաղաքացի) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Դավթաշեն-2 թաղամասի 2 ԿՋՀ հասցեում գտնվող՝ 2017 թվականի մայիսի 16-ի դրությամբ 13900000 դրամ գնահատված արժեքով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)՝ 209.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատան, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.024 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ՝ գույք 2):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` պայմանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ վերջինս պարտավորվում է՝
1) պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում գույք 2-ը վերակառուցել շուրջ 400 քառ. մետր մակերեսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվի համար ժամանակակից պահանջներին համապատասխան երկհարկանի կառույցի՝ այդ նպատակով իրականացնելով առնվազն 50000000 դրամի ներդրում.
2) իր միջոցների հաշվին իրականացնել սույն որոշումից բխող պայմանագրի կնքման և դրանից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով փոխանակվող գույքը և դրա վրա կատարված ներդրումները կողմերի համաձայնությամբ դիտարկվում են համարժեք և կողմերի համար որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) գույք 1-ի և գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում.
2) պետության կողմից փոխանակության արդյունքում ձեռք բերված գույք 2-ն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը տեղակայելու համար:

 

Արխիվ

2024

2023