Կառավարության որոշումներ

3 Օգոստոսի 2017, 921 - Ա

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՂՆԻՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ, ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ ու 466-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) և «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2006 թվականի մայիսի 5-ին կնքված N 1/2006 ապրանքային վարկի պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա ընկերությանը տրամադրված 361,332 ԱՄՆ-ի դոլար վարկի գծով առկա 252,928 ԱՄՆ-ի դոլար մնացորդի մարման ժամկետները` ազատելով տվյալ վարկի գծով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 31,875 ԱՄՆ-ի դոլար տոկոսագումարի և հետագայում հաշվարկվելիք տոկոսների վճարման պարտավորությունից և ներելով 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաշվարկված 4,727 ԱՄՆ-ի դոլար տույժի և մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկվող տույժերի վճարումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում՝ սահմանված կարգով կատարել փոփոխություններ նախարարության և ընկերության միջև կնքված պայմանագրում՝ դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված 252,928 ԱՄՆ-ի դոլար վարկի մնացորդի մարման նպատակով ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 2017 թվականին 5,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2018 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարի 10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 2021 թվականից մինչև 2025 թվականը՝ յուրաքանչյուր տարի 36,322 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ 2026 թվականին՝ 36,318 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

Արխիվ

2024

2023