Կառավարության որոշումներ

10 Օգոստոսի 2017, 977 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 27-րդ հոդվածի 2-րդ մասի, 28-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 14-րդ մասերի, 28.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ, 6.1-ին, 8-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 121-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 3-րդ կետը «հասցեով» բառից հետո լրացնել «և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային բաժին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Եթե նպաստը նշանակվում է ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը՝ ստորագրված և կնքված գործատուի կնիքով։ Տեղեկանքում նշվում են՝
1) ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) խնամքի արձակուրդի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը).
3) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:.
3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
4) 6-րդ կետի նախաբանն առկա տեղեկատվության բառերից հետո լրացնել (այդ թվում` առցանց դիմումով մուտքագրված տվյալների) բառերով.
5) 7-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ստացված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «չեն գտնվում» բառերը՝ «, դիմելու օրվա դրությամբ չեն գտնվել» բառերով.
6) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.
«9) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո։».
7) 8-րդ կետի առաջին նախադասությունը «ծնողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքի» բառերով.
8) 13-րդ կետի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է ծնողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում) գործատուն դրա մասին տեղեկացնում է ծառայությանը՝ նշված հանգամանքներն առաջանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Տեղեկացման մեջ նշվում են՝.
9) 14-րդ կետը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում» բառերով.
10) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
21. Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարել է ծնողի` աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, իսկ եթե ծնողն աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որևէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու) հիմքով, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար տարածքային բաժին են ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր: Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Եթե ծնողի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար ներկայացվում է նաև սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը: Սույն կետում նշված դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝
1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը լրանալուց հետո:.
11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
22. Բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո նույն երեխայի խնամքի կապակցությամբ ծնողը կրկին ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում անձին խնամքի նպաստ է նշանակվում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:.
12) 22-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին կետով.
«22.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչև ժամկետը լրանալը, ընդհատվելու կամ այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու հիմքով դադարելու դեպքում, եթե ծնողն աշխատանքի չի անցել, և գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման մասին հայտի հիման վրա ճշտում է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) կամ այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու օրվա մասին տեղեկատվությունը (կամ չեղարկում է գրանցման մասին հայտը), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակելու համար տարածքային բաժին է ներկայացվում դիմում։ Այս դեպքում, եթե դիմումը ներկայացվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը (խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում), ապա խնամքի նպաստի վճարումը շարունակվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից, իսկ չվճարված նպաստի գումարները վճարվում են ամբողջությամբ։ Երեխայի 2 տարին լրանալուց հետո դիմումը ներկայացվելու դեպքում չվճարված նպաստի գումարները վճարվում են ընդհանուր հիմունքներով՝ դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է ծնողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվելու հիման վրա (երբ գործատուն չեղարկում է աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում ներկայացված գրանցման մասին հայտը) կամ տեղեկատվական բազայում մուտքագրված սխալ տեղեկատվության հիման վրա։».
13) 30-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
4) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս և ավելի ժամանակով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:.
14) 31-րդ կետի 2-րդ ենթակետում «և 3-րդ» բառերը փոխարինել «, 3-րդ և 4-րդ» բառերով, իսկ «ծնողն» բառը փոխարինել «ծնողը դիմելու օրվա դրությամբ» բառերով.
15) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
32. Խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար տարածքային բաժին են ներկայացվում դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:.
16) 34-րդ կետում «տնօրինվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «վճարվում է ժառանգության վկայագիր ներկայացնող անձին» բառերով.
17) 39-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40-րդ, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերով.
«40. Խնամքի նպաստը նշանակվում է, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է և խնամքի նպաստի վճարումը վերսկսվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խնամքի նպաստը նշանակվում է կամ նշանակվել է սույն կարգի 3.1-ին կետում նշված ծնողին կամ այն ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա։
41. Սույն կարգի 40-րդ կետի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար՝ դիմողը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ՝ ծրագրային միջավայր) և համապա-տասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է խնամքի նպաստ նշանակելու համար անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները։ Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում՝
1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)՝ www.epension.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.epension.am կայքէջում գրանցվելիս).
2) նույնականացման քարտի կիրառմամբ.
3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։
Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն։
42. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ և՝
1) մերժվում է խնամքի նպաստը սույն կարգի 40-րդ կետի հիման վրա նշանակելը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը) և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից կամ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ), կամ առկա է սույն կարգի 40-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը.
2) թույլատրվում է խնամքի նպաստը սույն կարգի 40-րդ կետի հիման վրա նշանակելը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը) և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ու «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 40-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը։
43. Խնամքի նպաստը նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստի վճարումը վերսկսելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Եթե տարածքային բաժինը մերժում է առցանց ներկայացված տվյալների հիման վրա խնամքի նպաստի նշանակումը (խնամքի նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը և խնամքի նպաստի վճարումը վերսկսելը), ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին:»։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, վճարելու, ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստի վճարումը դադարեցնելու, վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ առցանց դիմում ներկայացնելուն և առցանց դիմումի հիման վրա խնամքի նպաստ նշանակելուն ու վճարելուն վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:


 

Արխիվ

2024

2023