Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 1004 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը իր ենթակայության՝ «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Մեղրաձոր, 3-րդ փողոց, N 66) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (20 հատ հասարակ անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 9970 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով՝ 2017 թվականի հունիսի 7-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 5 443 523 դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1 317 700 դրամ, այդ թվում՝
1) կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 54.4 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 395 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)՝ 557.3 հազ. դրամ.
4) այլ կրեդիտորական պարտքեր՝ 311 հազ. դրամ:
4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 300 000 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:
6. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը սահմանված ժամկետում չի կատարում հետագա վճարումները:
7. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:


 

Արխիվ

2024

2023