Կառավարության որոշումներ

17 Օգոստոսի 2017, 1009 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 9-ի N 101-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Բյուրեղ» հանքային ջրի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի) 9.034 տոկոս պետական բաժնեմասը (3 424 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու համար, նախապատվության իրավունքով, առաջարկել 5 498 հազ. դրամ գնահատված արժեքով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին՝ նախապատվության իրավունքի իրականացման ժամկետ սահմանելով գրավոր առաջարկ ստանալու պահից 30 օրվանից ոչ շուտ և 60 օրվանից ոչ ուշ ժամկետը:
2. Ընկերության պետական բաժնեմասը 5 498 հազ. դրամ գնահատված արժեքով ձեռք բերելու ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերն իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու, ընկերության կողմից ձեռք բերելուց հրաժարվելու և ընկերության աշխատավորական կոլեկտիվն ուղղակի վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցումից հրաժարվելու դեպքում՝ ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնել դասական աճուրդով:
3. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով՝ 2017 թվականի մայիսի 5-ին գնահատված արժեքը` 60 856,500 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի (9.034 տոկոս) մեկնարկային գինը` 5 498 հազ. դրամ:
4. Ընկերության կրեդիտորական պարտավորությունները 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 60 հազ. դրամ՝ գնումների գծով:
5. Ընկերության պետական բաժնեմասը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 2-րդ կետում նախատեսված գործառույթների ավարտից հետո աճուրդը կազմակերպել և անցկացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, բաժնետոմսերի արժեքի որոշման համար նախատեսված՝ 79 200 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:
7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

 

Արխիվ

2024

2023