Կառավարության որոշումներ

24 Օգոստոսի 2017, 1026 - Ն

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՎԱՐԺԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 97.210.00429) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 97.210.00427):
2. Սահմանել, որ՝
1) «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ միացած պետական ոչ առևտրային կազմակերպության՝
1) հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) գործունեության դադարման պետական գրանցումը.
3) սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Թույլատրել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մարման կարգով շարունակել «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հիմնական ծրագրով սովորող 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում սովորողների ուսումնառությունը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023