Կառավարության որոշումներ

7 Սեպտեմբերի 2017, 1150 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի  1-ին  և  4-րդ մասերը`  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը  ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին։
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից քառասունհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
ա. մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ՝ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցման գործընթացը,
բ. տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո քսանօրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված հաստիքացուցակը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարին` նշանակումից հետո`
1) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի աշխատողների թիվը.
2) տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունը, ինչպես նաև խորհրդի հետ համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
3) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.
4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը։
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտւթյան նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածի՝
ա. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «նախարարության համակարգում գործող տեսչական մարմինը,» բառերով,
բ. 9-րդ կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 14-րդ կետի «ժա» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների» բառերով,
դ. 16-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչության և տեսչական մարմնի» բառերով,
ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին կետով.
«23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) գործառույթներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:»,
2) N 2 հավելվածի՝
ա. 2-րդ բաժնի 2-րդ կետից հանել «Կրթության պետական տեսչություն» բառերը,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IV բաժնով.
«IV. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին»:
10. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1927-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:

Հավելված

Արխիվ

2024

2023