Կառավարության որոշումներ

5 Հոկտեմբերի 2017, 1262 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու (այսուհետ՝ մոնիթորինգ) կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող կիսամյակային և տարեկան կտրվածքով ցուցանիշների մասին տեղեկանքների ձևերը` համաձայն N N 2 և 3 հավելվածների.
3) կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու կարգը ` համաձայն N 4 հավելվածի.
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց վերապահված է կազմակերպությունների պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, կազմակերպությունների մոնիթորինգն իրականացնում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի և 2-րդ ենթակետով հաստատված մոնիթորինգի ձևերով պահանջվող տվյալների համաձայն.
2) մոնիթորինգի իրականացման ենթակա կազմակերպությունները պետք է ունենան՝
ա. գործարար ծրագրեր կոնկրետ ֆինանսատնտեսական ցուցանիշներով՝ եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով,
բ. առևտրային կազմակերպությունների կառավարումը պետք է իրականացվի կորպորատիվ կառավարման սկզբունքով.
3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ելնելով իրենց ենթակայությանը հանձնված առևտրային կազմակերպությունների գործունեության բնագավառի առանձնահատկություններից, հաստատում են կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման և կառավարման ոլորտում աշխատանքների գնահատման համար 3 ոչ ֆինանսական ցուցանիշ՝ տարեկան կտրվածքով և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգի համաձայն պահանջվող տեղեկատվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
4) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները՝
ա. մոնիթորինգի շրջանակներում N N 2 և 3 հավելվածներով հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում կիսամյակային և տարեկան կտրվածքով, ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը: Այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, և որոնց համար իրականացվել է աուդիտ, ներկայացնում են միայն տարեկան աուդիտի եզրակացությունը,
բ. կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը՝ համաձայն N 5 հավելվածի.
5) սկսած 2018 թվականի 2-րդ կիսամյակից առևտրային կազմակերպությունները մոնիթորինգի ցուցանիշները սահմանված ձևերին համապատասխան ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև 1-ին կիսամյակին հաջորդող երրորդ ամսվա ավարտը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը, իրականացված ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքները` կիսամյակային և տարեկան կտրվածքով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ներկայացվող տեղեկանքի պատճենը միաժամանակ ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
7) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարները սույն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերին և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեղեկանքներին համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում են մինչև մոնիթորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների մասնավորեցման պայմանագրի ստորագրման կամ դրանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահը, ինչպես նաև սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո այդ կազմակերպությունների համար մոնիթորինգ չի իրականացվում.
8) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այն կազմակերպությունների վրա, որոնց մոտ հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը (բացառությամբ այն ակտիվների, որոնք չեն օգտագործվում կազմակերպության կողմից), և կամ հաշվետու տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.
9) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից սահմանված ժամկետում պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում ընդունվում է, որ տվյալ մարմնի ենթակայության առևտրային կազմակերպությունների մոնիթորինգ չի անցկացվել, որի մասին նշվում է ամփոփ տեղեկանքում.
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` կազմակերպությունների առաջիկա հերթական կամ արտահերթ ընդհանուր ժողովների քննարկմանը և հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված մոնիթորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության տրամադրման հարցը:
4. Կազմակերպությունների կողմից առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին համապատասխան նշագրումներ կատարելիս` պետական կառավարման մարմինները դրանք պետք է օգտագործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել հաշվետվությունների լրացման կարգի և ցուցանիշների հաշվարկման բանաձևերին վերաբերող մեթոդական ուղեցույց:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-ն որոշումը:

Հավելված

Արխիվ

2024

2023