Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 243 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 355-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ, 32-րդ, 33-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հիմնադրել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմիը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է:
3. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
4. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գեղամ Վարդանի Գևորգյանին (նույնականացման քարտ՝ 008936155, տրված՝ 19.12.2016 թ., 011-ի կողմից), պետական գրանցման պահից հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Գեղամ Վարդանի Գևորգյանին (նույնականացման քարտ՝ 008936155, տրված՝ 19.12.2016 թ., 011-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM) համապատասխան փոփոխություններ՝ այդ համաձայնագրերի իրականացումը վերապահել հիմնադրամին, իսկ ֆիդուցիար հատվածի իրականացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
6. Սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԳԾԻԳ) գործունեությունը:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի՝ օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2) ԳԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.
3) սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ԳԾԻԳ-ի գործունեության դադարեցման աշխատանքները.
4) սույն որոշման 5-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաշվեկշում առկա և ԳԾԻԳ-ին ժամանակավոր օգտագործման տրված, ինչպես նաև ԳԾԻԳ-ի հաշվեկշռում առկա գույքը հետ վերցնել և նվիրաբերել հիմնադրամին՝ գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով:
8. Սահմանել, որ ԳԾԻԳ-ի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտվելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
9. Հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023