Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2017, 1398 - Ն

«ԿԱՊԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատու
թյուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 222.210.00830) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի:
2. Հաստատել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
4. «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռուզաննա Մարտիկի Հովհաննիսյանին (անձնագիր` AG06022848, տրված՝ 09.12.2005 թ., 041-ի կողմից):
5. Առաջարկել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին՝ համաձայն N 3 հավելվածի:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը թողնված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 4 հավելվածի:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ կնքել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 135/0015 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին, համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով նշված հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 8-րդ կետում նշված գույքի և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականում ներկայացված տվյալները:
10. Սահմանել, որ՝
1) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և դրան են փոխանցվում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման մասին ակտին համապատասխան.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է շուրջօրյա խնամքի տրամադրման նպատակով երեխաների ընդունելությունը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից՝ նաև այդ կազմակերպությունում խնամվող երեխաներին շուրջօրյա խնամքի տրամադրումը.
3) մինչև «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումը և համաձայն սույն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը՝ «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա.
4) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի՝ որպես խնամք և այլ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելված)՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության կամ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն երեխաների ընդունելության, խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին դրույթները, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից.
5) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամում խնամք ստացող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունները «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին փոխանցելու մասին ակտը.
2) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 04 խմբի 01 դասի «12. Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի՝ մինչև տարեվերջ պահպանման ծախսերի և սույն կետի 5-րդ ենթակետում նշված ծրագրերի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.
3) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով նշված հիմնադրամին փոխանցելու գործընթացը.
4) մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների գնահատված կարիքներին համապատասխան, ապահովել նրանց՝ կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձը, խնամատար ընտանիքում խնամքի կազմակերպումը.
5) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում խնամատար ընտանիքների թվի ավելացման, շուրջօրյա խնամք տրամադրող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանն ուղղված համապատասխան ծրագրեր.
6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ և սույն որոշման N 3 հավելվածում նշված՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին տրամադրվող գույքն ըստ նշանակության վերակառուցելու հնարավորության և անհրաժեշտ միջոցների վերաբերյալ.
7) «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նշված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ հաստատման:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023