Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2017, 1412 - Ն

Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով և 2-րդ մասի «զ» կետով, ինչպես նաև 7-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում ընդգրկված՝ ծրագրի օտարման գոտում գտնվող տարածքների և առկա գույքային իրավունքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով՝
1) ծրագրի շրջանակներում Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000 - կմ 38 + 450 և կմ 38+450 - կմ 90+191 հատվածների (այսուհետ՝ ճանապարհ) վերակառուցման աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերից, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի ծրագրում ընդգրկված համայնքների բնակչության կողմից շուկաներից և ծառայություններից երկարաժամկետ կտրվածքով օգտվելու հնարավորությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կստեղծվի բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման միջոցներով, կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներով լայնացված ճանապարհ, վերակառուցված թունելներ և հիմնանորոգված կամուրջներ: Վերակառուցված ճանապարհը կնպաստի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում տուրիզմի զարգացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ դրանք գտնվում են վերակառուցվող ճանապարհի օտարման գոտում և անհնար է ապահովել ճանապարհի վերակառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց ազդակիր տարածքների, գույքային իրավունքների օտարման.
3) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին և գույքային իրավունքներ ունեցող անձանց:
2. Հաստատել`
1) Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշաակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000– կմ 38 + 450 և կմ 38+450 - կմ 90 + 191 ճանապարհահատվածների վերակառուցումն ապահովելու նպատակով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և գույքային իրավունքների ցանկը ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Մ -6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000 - կմ 38 + 450 և կմ 38+450 - կմ 90 + 191 ճանապարհահատվածի վերակառուցումն ապահովելու նպատակով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է.
3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա օբյեկտների, բարելավումների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և նույն որոշմամբ հաստատված՝ հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության (հողամասի, շենքերի, շինությունների և առկա բարելավումների) նկարագրության արձանագրության ձևով.
4) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է.
5) սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականության դիմաց տրամադրվող փոխհատուցումը և ծրագրի այլ ազդեցությունների համար վերականգնման օժանդակության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված «Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները» վերտառությամբ N 3 հավելվածի պահանջներին համապատասխան:
4. Հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում ապահովել սույն որոշման պատշաճ ձևով ուղարկումն օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից ծագող սահմանափակումները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում՝ սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի միջոցների հաշվին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023