Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1557 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 182-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հատկացնելու մասին» N 182-Ա որոշման 2-րդ կետում «2,53684» թիվը փոխարինել «2,28129» թվով։
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Ծովակալ Իսակովի 50 հասցեում գտնվող շենքերի ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասից հետ վերցնել 0,25555 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, և 38 700 000 դրամ շուկայական արժեքով ներդնել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, պետական գրանցման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով հողամասերի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել 2010 թվականի ապրիլի 30-ին կնքված NN 15/0010 և 14/0010 անհատույց օգտագործման մասին պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության և գույքային իրավունքների պետական գրանցումը։
5. Սահմանել, որ կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման, անշարժ գույքի առանձնացման և գույքային իրավունքի պետական գրանցման ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին։

Հավելված

Արխիվ

2024

2023