Կառավարության որոշումներ

30 Նոյեմբերի 2017, 1591 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են նվիրատվության պայմանագրի հիման վրա: Ընդ որում, եթե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է որպես բնակարանային պայմանների բարելավում, որի դիմաց զինծառայողը կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձը պարտավորվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին տրամադրվում է փոխանակության պայմանագրի հիման վրա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և սույն կարգի 9-րդ կետի համաձայն զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանը զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելիս հիմք է ընդունվում զինծառայողի կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձի ընտանիքի անդամների այն կազմը, որը հաշվի է առնվել զինծառայողին կամ սույն կարգի 7-րդ կետում նշված անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ժամանակ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023