Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1595 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում` համաձայն N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանման, արտահանման ծավալների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացման խթանման նպատակով:
2. Սահմանել`
1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում.
2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.
3) «ազատ մաքսային գոտի» ընթացակարգի կիրառում.
4) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 50 տարի:
3. Ճանաչել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.969670) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:
4. Հաստատել`
1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.
2) «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ԱՏԳ-ի ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
3) ԱՏԳ-ում գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

Հավելված

Արխիվ

2024

2023