Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1599 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) XX գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«XX. ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ».
2) 185-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 185.1-185.5-րդ կետերով.
«185.1. Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Կալանավորված անձին տեսազանգից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում:
185.2. Հասարակական կարգի, ինչպես նաև անվտանգության ապահովման նկատառումներով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշմամբ տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին:
185.3. Կալանավորված անձի կամ դատապարտյալի դիմումի հիման վրա տեսազանգից օգտվելու հնարավորությունը տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով:
185.4. Տեսազանգից օգտվելու գործընթացը հաշվառվում է համապատասխան մատյանում, որտեղ նշվում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվանական տվյալները, տեսազանգից օգտվելու հաճախականությունը և տևողությունը, տեսազանգից հրաժարվելու դեպքերը և պատճառները:
185.5. Տեսազանգը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:».
3) 241-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» ենթակետով.
«ժդ) տեսազանգից օգտվելու:» :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

Արխիվ

2024

2023