Կառավարության որոշումներ

14 Դեկտեմբերի 2017, 1630 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 69-րդ, 594-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետն ու 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշումը:
2. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) նվիրել 1990 թվականից այնտեղ բնակվող անձանց` համաձայն N 1 հավելվածի.
2) դասական աճուրդով օտարել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:
3. Առաջարկել`
1) ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել նվիրատվության և օտարման պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև շենք, շինությունների և դրանց համար առանձնացված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ձեռք բերողների միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կատարել N 1 հավելվածում նշված շենք, շինությունների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ՝ սահմանելով դրանք որպես բնակելի նշանակության, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերը նվիրել N 1 հավելվածում նշված անձանց:
4. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքը դասական աճուրդով օտարելուց և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Կարմիր Բանակայինների 6, պետական գրանցման համարը՝ 11.140.00679):
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո տասնօրյա ժամկետում ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ) և ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
7. Սահմանել, որ՝
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Հավելված

Արխիվ

2024

2023