Կառավարության որոշումներ

7 Դեկտեմբերի 2017, 1642 - Ա

«ՆՈՐՔ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղ. Երևան, Նորք Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող՝ 6843.3 քառ. մետր մակերեսով շենք, շինություններով և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N 28032014-01-0259) (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ գույքն ամրացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Գ. Հովսեփյան փողոց N 20):
6. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 868 329 840 դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 868 329 840 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 455 726 160 դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1 200 000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո, մեկամսյա ժամկետում, գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
1) պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում «Հին Նորք» բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Գետառի 4/17) հետ համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով իրականացնել 3 000 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում (հաշվարկված ներդրումների կատարման ժամանակահատվածի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի չափով)՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ և ստեղծել 1000 աշխատատեղ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
8. Գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Արխիվ

2024

2023