Կառավարության որոշումներ

25 Հունվարի 2018, 54 - Ա

«ՄԵԾԱՁՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքի 1-ին փողոցի 1-ին փակուղի 1-ին շենքում գտնվող 5425930 դրամ սկզբնական արժեքով և 159.2 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 117.25 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 45,26 քառ. մետր մակերեսով պատշգամբը և 0.81 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման 2007 թվականի սեպտեմբերի 9-ի N 1690921 վկայական) հետ վերցնել «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 94.210.00360 / 2003-01-23):
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների.
4. «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ այդ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝
1) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) ապահովել «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սովորողների բնականոն ուսումնառությունը:
6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դադարեցվում է սովորողների ընդունելությունը:
7. Լուծարելուց հետո «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը՝ մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններին ամրացնելու նպատակով:

 

 

 

Արխիվ

2024

2023