Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 131 - Ա

«ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1361-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան 13 հասցեում գտնվող «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին ծննդատան մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերից՝ 5791600 դրամ սկզբնական արժեքով, 737.32 քառ. մետր ընդհանուր մակերեսով (1-ին հարկն ամբողջությամբ՝ 505.51 քառ. մետր, և 2-րդ հարկից՝ 231.81 քառ. մետր) տարածքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի բաժանման ու գրանցման համար անհրաժեշտ չափագրման և պետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
2) ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը՝ «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքի հանձնման-ընդունման ժամանակ հիմք ընդունելով գույքի չափագրման արդյունքում ստացված փաստացի մակերեսները:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող N 2 մասնաշենքի՝ 5546519.09 դրամ սկզբնական արժեքով, 795.8 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը կադաստրային արժեքով (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի չափագրման, առանձնացման և, որպես առանձին գույքային միավորներ, գրանցման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված մակերեսները, «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի հունիսի 14-ին կնքված N 90/0013 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 6-րդ կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի N 178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ժամանակ հիմք ընդունելով գույքի չափագրման արդյունքում ստացված փաստացի մակերեսները:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Գույք փոխանակելու և նվիրելու մասին» N 1361-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և 4-րդ կետի 3-րդ ենթակետը:

 

Արխիվ

2024

2023