Կառավարության որոշումներ

15 Փետրվարի 2018, 170 - Ա

ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածը և 590-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 7/1 հասցեում գտնվող, 2017 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ 4 400 000 դրամ գնահատված արժեքով, 25.7 քառ. մետր մակերեսով պոմպակայանը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված՝ 0.003446 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1) փոխանակել «ԳՈԼԴԵՆ ՎԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մովսես Խորենացու 29/4 հասցեում գտնվող, 2017 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ 3 800 000 դրամ գնահատված արժեքով, 0.002371 հեկտար մակերեսով հողամասի հետ (այսուհետ՝ գույք 2):
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակության արդյունքում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Սահմանել, որ ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վճարել գույք 1-ի և գույք 2-ի շուկայական արժեքների տարբերությունը՝ 600 000 դրամը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» N 900005029013 հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված վճարումից հետո ընկերության հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ընկերությունը պարտավորվում է՝
1) եռամսյա ժամկետում իր միջոցների հաշվին իրականացնել պոմպակայանն այլ տարածք տեղափոխելու և վերազինելու հետ կապված աշխատանքները՝ ներառյալ տեղափոխման ծախսերը.
2) իր միջոցների հաշվին իրականացնել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 15-օրյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հսկողություն իրականացնել սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների կատարման նկատմամբ:

 

Արխիվ

2024

2023