Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2018, 430 - Ն

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈԻՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ գնահատման և թեստավորման կենտրոն) հետ համատեղ մշակել ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստերը՝ դրանց նմուշները հրապարակելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով.
2) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ապահովել տվյալ ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ՝ ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի թվի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ինչպես նաև դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) ապահովել յուրաքանչյուր ուսումնական տարվա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ընդունելության տեղերի ներառումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի ընդհանուր թվում.
2) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ը ապահովել Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող այն քաղաքացիների անվանացուցակի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, ովքեր 18 տարին լրանալու օրվա դրությամբ չեն ավարտել հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով ուսումնառությունը և հայտարարված համապատասխան զորակոչի շրջանակներում ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023