Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2018, 449 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է (այսուհետ՝ ծառայություն).
2) ծառայությունը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ միջազգային կազմակերպություն) վարձու աշխատողների համար գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնում է համապատասխան տեղեկատվությունն այդ կազմակերպությունից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 402-րդ հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում.
4) օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտում՝
ա. որպես անձի բնակության վայրի հասցե նշվում է բնակչության պետական ռեգիստրում անձի հաշվառման հասցեն,
բ. որպես անձի մասնագիտություն նշվում է «այլ»,
գ. որպես անձի աշխատաժամանակի ռեժիմ նշվում է «նորմալ տևողություն».
5) օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված անձնավորված հաշվարկում՝
ա. որպես փաստացի աշխատած ժամեր նշվում է «0»,
բ. որպես հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա (ստացված) եկամտի գումար լրացվում է միջազգային կազմակերպությունից ստացված տեղեկատվության մեջ նշված համապատասխան գումարը` վերահաշվարկված դրամի այն փոխարժեքով, որով իրականացվել է այդ գումարից հաշվարկված կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարների փոխարկումը.
6) միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ նպատակով ծառայության անվամբ բացված գանձապետական ենթահաշվին (այսուհետ՝ գանձապետական ենթահաշիվ).
7) ծառայությունը ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում գանձապետական ենթահաշվին մուտքագրված գումարներն ամբողջությամբ փոխանցում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին՝ վճարման հանձնարարականում նշելով այն ՀՎՀՀ-ն, որը հատկացվել է ծառայությանը տվյալ միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտ և անձնավորված հաշվարկ ներկայացնելու համար:
2. Թույլատրել ծառայությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել գանձապետական ենթահաշիվ:
3. Ծառայության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի հետ փոխհամաձայնեցնել՝
ա. օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից ծառայությանը տրամադրելու ձևաչափը, տրամադրվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը,
բ. միջազգային կազմակերպությունների կողմից ծառայությանը տրամադրված տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում (այդ թվում՝ տեղեկատվության և փաստացի փոխանցված գումարների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում) դրանք միջազգային կազմակերպությունների հետ ճշտելու ընթացակարգերը,
գ. տեղեկատվությունը սահմանված ժամկետներում չստանալու կամ կենսաթոշակային կամ սոցիալական վճարները փոխհամաձայնեցված ժամկետներում չկատարելու դեպքում դրա մասին միջազգային կազմակերպություններին տեղեկացնելու ընթացակարգերը,
դ. կենսաթոշակային և սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների ցանկը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները,
ե. միջազգային կազմակերպությունների վարձու աշխատող՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարող կամ սոցիալական վճար կատարելը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունն այդ կազմակերպություններին տրամադրելու ընթացակարգերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, ապահովել սույն որոշման 2-րդ կետի կատարումը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝
1) հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 32 հավելվածի 44-րդ կետը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, որպես գործատու, ծառայությանը հատկացնել համապատասխան հաշվառման համարներ, մուտքի անուններ և գաղտնաբառեր՝ հնարավորություն տալով ծառայությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատողների համար ներկայացնել օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները.
2) օրենքով սահմանված տեղեկատվական բազայում ծառայությանը հասանելի դարձնել կենսաթոշակային վճարի և սոցիալական վճարի ապառքների (ժամկետանց պարտավորությունների) վերաբերյալ տեղեկատվությունը։
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մշակել կենսաթոշակային և սոցիալական վճարները միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու ընթացակարգը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023