Կառավարության որոշումներ

28 Հունիսի 2018, 717 - Ն

ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՎՅԱԼ ՎԱՅՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում տրամադրվում է դատավորի կողմից՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները և տվյալ վայրում դատավորին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության մասին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունը:
2. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրումն ապահովում է դատական դեպարտամենտը՝ դատավորի կողմից դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելու ամսվանից:
3. Դատավորին բնակարանի յուրաքանչյուր ամսվա վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ամսական մինչև 100000 դրամի չափով՝ Երևան քաղաքի դեպքում, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70000 դրամի չափով:
5. Դատավորին բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման հիմքերի փոփոխման կամ վերացման դեպքում դատավորը դրա մասին դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ:
6. Դատավորին բնակարանի վարձին համարժեք ամսական փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում:
7. Դատավորին բնակարանի վարձին համարժեք ամսական փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է՝
1) դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.
2) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում.
3) փոխհատուցման հիմքերի վերացման դեպքում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Արխիվ

2024

2023