Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2018, 774 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2018 թվականի հոկտեմբերի 10–11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունն ստացվելուց հետո համապատասխան ցուցակով այն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ստացված` սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի մասին տվյալների հետ ամփոփելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից՝ այդ առաջարկության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների վրա։


 

Արխիվ

2024

2023