Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2018, 793 - Ն

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը               որոշում է.
1. 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին (այսուհետ՝ գագաթնաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
2. Սահմանել, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում և չեն մտնում սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնական պատվիրակությունների մեջ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2018 թվականի հոկտեմբերի 3-15-ը:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2018 թվականի հոկտեմբերի
3-15-ը ժամկետով:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուն պես` համապատասխան ցուցակով, անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն.
2) ցուցակներում ընդգրկված անձանց ծանուցել սույն որոշման մասին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների վրա։

 

 

Արխիվ

2024

2023