Կառավարության որոշումներ

29 Նոյեմբերի 2018, 1337 - Ն

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու Այլընտրանքային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր - 2019 թվականի հունվար ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2018 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2018 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման՝ դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 7-31-ը ներառյալ.
2) 2018 թվականի ձմեռային զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
8. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն, համագործակցելով համապատասխան զինվորական կոմիսարների հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել բժիշկ-մասնագետների թեկնածություններ:
10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ և 17-րդ կետերի համաձայն կազմավորել զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զինվորական կոմիսարիատներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
15. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ զինվորական կոմիսարիատների բժշկական և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների զորակոչային բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023