Կառավարության որոշումներ

13 Դեկտեմբերի 2018, 1460 - Ն

ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 711-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) որ դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության տարածքում և Արցախի Հանրապետություն գործուղվող աշխատողների օրապահիկի համար նշված չափին, իսկ այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության), աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար նշված չափին: Պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում այն համարվում է նաև առավելագույն չափ.
2) դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման գումարի վճարման կարգը` համաձայն հավելվածի.
3) որ դաշտային կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին գործատուի կողմից (նաև պետական և համայնքների բյուջեներից ֆինանսավորման դեպքում) տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում հատուցվում են նաև աշխատողի կողմից կատարվող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը (բացառությամբ տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի)` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, այն դեպքում, երբ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Արցախի Հանրապետության)՝ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 30 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օրապահիկի ծախսի չափ նախատեսված լինելու դեպքում՝ այդ գումարը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, եթե աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա նվազեցումը կատարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է.»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023