Կառավարության որոշումներ

27 Դեկտեմբերի 2018, 1528 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման NN 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում (այսուհետ՝ հավելվածներ) նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով տեղում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները, առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով իրենց բնույթին համապատասխան` ժամանակակից օգտագործման համար, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայր, ինչպես նաև կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթևեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան,
բ. տարածքներում անհնար է ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով ներկայումս կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման և կառուցապատման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողն է «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը` իրեն պատկանող տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների համար տալով պահպանական պարտավորագիր.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1 տարի.
4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի ու լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը համապատասխան:
3. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռք բերողը ստանձնել է պայմանագրային պարտավորություն` պետությունը զերծ պահելու ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ.
2) սույն որոշմամբ նախատեսված` հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և սույն որոշման հավելվածներում նշված տարածքները ձեռք բերողի միջև կնքվող պայմանագրերում անհրաժեշտ է բացառել, որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրումը:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Հայաuտանի Հանրապետության վարչապետին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ընթացող գործընթացների վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023