10 Հունվարի 2019, 6 - Ա
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի «Հողամաս նվիրելու մասին» N 23-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Երևանի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված՝ Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի Բագրևանդ փողոցի N 74 հասցեում գտնվող՝ Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 02072018-01-0248 վկայական, 02. 07. 2018 թ.), 135․720․000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հեկտար մակերեսով՝ բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (կադաստրի ծածկագիրը՝ 01-008-0506-0108)՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Երևանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նվիրատվության պայմանագիրը.
2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ Ինժեներական քաղաքի ստեղծման նպատակով կազմակերպություններին նվիրաբերության միջոցով տարածքներ տրամադրելու համար:
4․Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։