Կառավարության որոշումներ

28 Փետրվարի 2019, 158 - Ա

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ՝ ԾՐԱԳՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (ասյուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածները և դրանց վրա առկա անշարժ գույքը:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են.
2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 603-Ն որոշմամբ ավելացված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի «Չնախատեսված ծախսեր» տողով:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված ծառայությունների գնման պայմանագիրն ստորագրելու օրվանից տասնամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերից ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների բաժանումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքային իրավունքների պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նախկին սեփականատերերին ծանուցել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու իրենց իրավունքի մասին՝ սահմանելով պահանջը ներկայացնելու ողջամիտ ժամկետ, բայց ոչ ավելի, քան ծանուցումն ուղարկելուց հետո մեկ տարվա ժամկետից:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը չի սահմանափակում անշարժ գույքի նախկին սեփականատերերին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների ձեռքբերման պահանջ ներկայացնելու՝ մինչև տվյալ գույքն այլ անձանց օտարելու համար աճուրդ կամ մրցույթ հայտարարելը: Ընդ որում, սույն կետում նշված պահանջը կարող է ներկայացվել նաև աճուրդի կամ մրցույթի արդյունքում տվյալ գույքը չօտարվելու դեպքում՝ մինչև նոր աճուրդ կամ մրցույթ հայտարարելը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտի օրվանից չորսամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միավորների հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներում արտացոլված մակերեսները։
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջների առկայության դեպքում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել գույքի գնահատումը:
7. Առաջարկել համայնքի ղեկավարներին, համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումը՝ ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:

Հավելված

Արխիվ

2024

2023