Կառավարության որոշումներ

14 Մարտի 2019, 230 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Հ. Հարության փողոց 3 հասցեում գտնվող՝ 1055 քառ. մետր մակերեսով շենք - շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.82 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 131 421 600 դրամ է.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 131 421 600 դրամ.
3) աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.82 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 6 224 400 դրամ.
4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսել, որ գնորդը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունը ստորագրելու օրվանից՝ եռամսյա ժամկետում.
4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով՝ սահմանված կարգով կազմակերպել նոր աճուրդներ, բայց ոչ ավելի, քան երկու անգամ՝ առաջին անգամ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով գույքի գնահատված արժեքի 20 տոկոսի չափով, իսկ երկրորդ անգամ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով.
5) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 132 600 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ մուծված նախավճարը չի վերադարձվում, աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:
5. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համապատասխան գանձապետական հաշվին:
 

Արխիվ

2024

2023