Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2019, 540 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել կարգի 17-րդ կետը.
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին, 17.2-րդ, 17.3-րդ, 17.4-րդ, 17.5-րդ, 17.6-րդ, 17.7-րդ և 17.8-րդ կետերով՝
«17.1. Սույն կարգի 4-րդ կետի համաձայն հանձնաժողովի կողմից բնակարանային հաշվառման վերցված և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին կամ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին (այսուհետ` շահառու) անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին՝ բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով:
17.2. Բնակարանի գնման վկայագիրը՝ համաձայն N 1 ձևի, անվանական փաստաթուղթ է, որով հավաստվում է վկայագիր ստացած անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ, և այն ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման (ներառյալ՝ կտակի միջոցով): Բնակարանի գնման վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`
1) վկայագրի սերիան և համարը.
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.
4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:
17.3. Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության ընդունման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների մասին տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով՝
1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50 տոկոսը.
2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը.
3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90 տոկոսը:
17.4. Հանձնաժողովը շահառուին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված ընթացակարգով և 5-րդ, 6-րդ ու 10-րդ կետերով նախատեսված պայմանների հիման վրա, ընդ որում՝
1) սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թիվը որոշելիս՝ հիմք է ընդունվում եզրակացության ընդունման օրվա դրությամբ շահառուի բնակարանային գործում որպես շահառուի ընտանիքի անդամ հաշվառված և շահառուի հետ համատեղ բնակվող անձանց թիվը: Եթե զինվորական ծառայությունից արձակվելուց հետո շահառուն մահացել է, ապա անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է նրա ընտանիքին, որի դեպքում հասանելիք սենյակների թիվը որոշվում է՝ առանց մահացած շահառուի անձը հաշվի առնելու.
2) սույն կարգի 17.3-րդ կետի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում այն բնակավայրը, որտեղ շահառուն հաշվառված է եղել բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ, իսկ բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից հետո հաշվառման բնակավայրը փոխված լինելու դեպքում՝ բնակարանային հաշվառման վերցնելու օրվանից մինչև եզրակացության ընդունման օրն ընկած ժամանակահատվածում առավել երկար ժամկետով հաշվառման բնակավայրը.
3) յուրաքանչյուր տարվա համար հատկացված գումարների հաշվին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրվում է ըստ շահառուների՝ բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, և հետևյալ առաջնահերթությամբ.
ա. սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ. Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,
գ. Երևան քաղաք:
17.5. Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա կազմվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ` շահառուներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին, և այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահառուին` առաջարկելով հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր՝ համաձայն N 2 ձևի: Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում շահառուն հանձնաժողովի նախագահի հետ կնքում է համապատասխան պայմանագիրը: Բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու մասին պայմանագիր կնքած շահառուների տվյալները, նրանց կողմից առարկություն չներկայացվելու դեպքում, պայմանագրի կնքումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, որի նպատակով յուրաքանչյուր շահառու գրավոր համաձայնություն է տալիս իր մասին տվյալները (զինվորական ծառայությունից արձակվելու հիմքը, անունը, ազգանունը, հայրանունը, այն բնակավայրը, որի համար հատկացվել է աջակցությունը, հասանելիք սենյակների թիվը և հատկացված աջակցության չափը) հրապարակելու համար:
17.6. Բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վճարվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից վաճառողի հաշվի համարին պայմանագրում նշված, սակայն ոչ ավելի, քան բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:
17.7. Բնակարանի գնման վկայագրի միջոցով սույն կարգի 17.3-րդ կետով սահմանված համապատասխան չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է տարբերվել սույն կարգի 10-րդ կետի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:
17.8. Բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման (վկայագրի վավերականության) ժամկետը սահմանվում է 12 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերվելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը՝ ըստ իր բնակարանային հաշվառման հերթի: Վկայագրի վավերականության ժամկետի ընթացքում շահառուի մահվան դեպքում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը մտնում է ժառանգության զանգվածի մեջ, և շահառուի ժառանգի (ժառանգների) կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, որի պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից փոխանցվում է ժառանգի (ժառանգների) բանկային հաշվի համարին: Բնակարանի գնման վկայագրում նշված գումարը շահառուի ժառանգին (ժառանգներին) փոխանցվելու հիման վրա շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամների բնակարանային ապահովության իրավունքը դադարում է: Սույն կետի համաձայն բնակարանի գնման վկայագիրը մարվելուց հետո շահառուի մահվան դեպքում շահառուի բնակարանային ապահությունն իրականացվում է սույն կարգի 17.4-րդ կետի պահանջների համաձայն:

 

ձև 1-2

Արխիվ

2024

2023