Կառավարության որոշումներ

30 Մայիսի 2019, 670 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (հասցե՝ ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1) ճաշարանում հանրային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման համար մասնակիցների ընտրության նպատակով հրապարակել առաջարկների ներգրավման հայտարարություն:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ առաջարկների ներգրավման հայտարարությունը հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարության մեջ նշել, որ ընտրված մասնակիցը ֆիզիկական անձանց մատուցելու է հանրային սննդի կազմակերպման ծառայություն՝ հետևյալ պայմաններով՝
1) կոմունալ ծառայությունների դիմաց ընտրված մասնակցի կողմից չեն վճարվում.
2) ընտրված մասնակցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու են փաստացի առկա սարքավորումները (շարժական գույք).
3) ճաշարանի աշխատանքային ժամերն են՝ աշխատանքային օրերին՝
ժամը 09։00-ից մինչև 19։30-ը,
շաբաթ և տոն օրերին՝
ժամը 10։00-ից մինչև 13։00-ը.
4) բուֆետի աշխատանքային ժամերն են՝ աշխատանքային օրերին՝
ժամը 09։00-ից մինչև 19։30-ը,
շաբաթ և տոն օրերին՝
ժամը 10։00-ից մինչև 13։00-ը.
5) սուրճի ընդմիջումների ժամերը՝ յուրաքանչյուր ուրբաթ՝
ժամը 15.00-ից մինչև 20:00-ը.
6) ճաշարանում մատուցվող սնունդն ու ըմպելիքները պետք է պատրաստված լինեն բացառապես թարմ մթերքներից, համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերին.
7) տաք (սառը) մսային ուտեստները պետք է պատրաստված լինեն թարմ տեղական (չներկրված) մսից.
8) յուրաքանչյուր օր մատուցվող ճաշատեսակները պետք է լինեն ոչ պակաս, քան
3-4 տեսակի (ճաշացանկը պետք է փոփոխվի յուրաքանչյուր օր).
9) տրամադրվող սարքավորումները (շարժական գույք) վնասելու դեպքում ընտրված մասնակիցը պետք է հատուցի իր կողմից պատճառված բոլոր վնասները` ամբողջական ցանկին համապատասխանեցնելու նպատակով.
10) եթե անհրաժեշտ են հավելյալ սպասք կամ սարքավորումներ, ապա դրանք պետք է գնվեն ընտրված մասնակցի կողմից.
11) ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու դեպքում չափաբաժինները և զուտ քաշը (գրամներով) սահմանվելու են պայմանագրով՝ հայտարարությանը համապատասխան, իսկ գները սահմանվելու են ընտրված մասնակցի ներկայացրած նվազագույն գներով և ենթակա չեն փոփոխման առանց նախապես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ համաձայնեցնելու.
12) սահմանված պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը սահմանում է թերությունների վերացման ողջամիտ ժամկետ։ Նշված ժամանակահատվածում թերությունները չվերացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը.
13) ընտրված մասնակիցն իր հաշվին պետք է ապահովի անձեռոցիկների, կերակրի աղի և պղպեղի առկայությունը ճաշարանում.
14) առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ, ընտրված մասնակցին կտրվի անհրաժեշտ քանակի սննդամթերք՝ միջոցառմանը ներգրավված անձնակազմի հյուրասիրության կազմակերպման համար, բայց ոչ ավելի, քան տարեկան 5 անգամ (սպասարկումը և պատրաստումը պետք է կատարվեն ընտրված մասնակցի կողմից անվճար).
15) ընտրված մասնակիցը պետք է յուրաքանչյուր օր մատուցի հրավերով սահմանված բազային ճաշատեսակներից առնվազն 10 միավոր՝ պայմանագրով սահմանված գներից ոչ բարձր գներով.
16) ընտրված մասնակիցը բազային ճաշացանկում չներառված ճաշատեսակների չափաքանակները և գները պետք է նախապես համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ.
17) ընտրված մասնակիցը պետք է թույլատրի անարգել հսկելու սույն կետում նշված պահանջների կատարումը և կատարի պայմանագրով սահմանված այլ պահանջները:
3. Սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված սուրճի ընդմիջումների օրը և ժամը կարող են փոփոխվել պայմանավորված նախարարական կոմիտեների անցկացման օրով և ժամով։ Սուրճի ընդմիջումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճի նախասրահում։
4. Պայմանագիրը կկնքվի այն մասնակցի հետ՝
1) որն ունի առաջարկը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած համանման (նմանատիպ) մասնագիտական փորձ (անհրաժեշտ է կցել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր).
2) որն ունի հանրային սննդի կազմակերպման յուրաքանչյուր գործառույթի իրականացման համար սահմանված որակավորում ունեցող անձնակազմ.
3) որի ամբողջ անձնակազմն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական փաստաթղթեր և համապատասխան արտահագուստ.
4) որի կողմից ներկայացված ընդհանուր գնային առաջարկն ամենացածրն է հրավերով հրապարակված ճաշացանկի համար:
5. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով:
6. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի պահանջով՝ առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին տեղեկացնելով մյուս կողմին:
7. Սույն որոշմամբ նախատեսված գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում հայտարարությունը վերահրապարակվում է:

 

Արխիվ

2024

2023