Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2019, 751 - Ն

ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱ-ՆԻՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԽՆԱՄԱՏԱՐ ԾՆՈՂ ԴԱՌՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀՈԳԵԶԱՎԱԿԻ ԽՆԱՄՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ, ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 459-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 12-րդ մասերի, 137.1-ին հոդվածի 7-րդ մասի, 139.1-ին հոդվածի 8-րդ մասի և 140-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն ստանալու համար ներկայացված այն դիմումները, որոնց վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դիմումատուին չի տրամադրվել խնամատար ծնող դառնալու հնարավորության վերաբերյալ եզրակացություն, համարվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացված դիմումներ և այդ դիմումները ներկայացրած անձանց վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հարցումները Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը) պետք է իրականացնեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում, ընդ որում, եթե սույն ենթակետով սահմանված դիմումի հիման վրա, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան կազմվել է դիմումատուի կենսապայմանների ուսումնասիրության ակտ, ապա անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու կամ հաշվառելու մասին դիմումը մերժելու համար չի պահանջվում սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի (այսուհետ՝ գործակալություն) համապատասխան եզրակացությունը.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը խնամատար ծնող լինելու (դառնալու) հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձինք եռօրյա ժամկետում իրենց բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի կողմից հաշվառվում են որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձինք սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացները պետք է անցնեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձանց համար ապահովել սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ուսուցման դասընթացների կազմակերպումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) կողմից իրականացվող՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց հաշվառման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված անձանց կենտրոնացված հաշվառումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 459-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023