Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2019, 895 - Ն

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացը (այսուհետ՝ գործընթաց) իրականացնելու նպատակով ձեռք են բերվում միջազգային իրավախորհրդատուի (այսուհետ՝ իրավախորհրդատու) և գլխավոր տեղաբաշխողների և (կամ) պարտավորությունների կառավարիչների ծառայություններ (այսուհետ՝ նաև ծառայություններ): Ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով՝
ա. իրավախորհրդատուի դեպքում «Բլումբերգ» տեղեկատվական համակարգում հրապարակված, գործընթացը կազմակերպելուն նախորդող տարվա արդյունքներով Գլոբալ պարտատոմսերի վարկանշային աղյուսակի առաջին հինգ տեղերն զբաղեցնող կազմակերպություններին հրավեր տրամադրելու միջոցով,
բ. գլխավոր տեղաբաշխողների և (կամ) պարտավորությունների կառավարիչների դեպքում «Բլումբերգ» տեղեկատվական համակարգում հրապարակված, գործընթացը կազմակերպելուն նախորդող տարվա արդյունքներով «Միջազգային պարտատոմսեր» վարկանշային աղյուսակի առաջին տասը տեղերն զբաղեցնող կազմակերպություններին հրավեր տրամադրելու միջոցով.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպություններին տրամադրվող հրավերները, ընտրված կազմակերպությունների հետ պայմանագրերը, ինչպես նաև գործընթացի հետ կապված բոլոր փաստաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից: Սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը կազմվում են անգլերենով.
3) ծառայությունները կարող են ձեռք բերվել առանց այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի՝ վճարումների կատարման համար միջոցները տվյալ կամ հաջորդող բյուջետային տարում նախատեսելու պայմանով.
4) իրավախորհրդատուի ծառայությունների մատուցման ընթացակարգին մասնակցելու համար հայտերը ներկայացնելու ժամկետը սահմանվում է յոթ, իսկ գլխավոր տեղաբաշխողների համար՝ տասնչորս օրացուցային օր: Հայտերը գնահատվում և ընտրված մասնակիցները որոշվում են հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուն հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում.
5) իրավախորհրդատուի ընտրությունն իրականացվում է ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատական ստացած մասնակցին, իսկ գլխավոր տեղաբաշխողների ընտրությունը՝ ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած մասնակիցներին ընտրելու մեթոդով.
6) գնման ընթացակարգերի մասնակիցները չեն ներկայացնում հայտի, իսկ ընտրված մասնակիցները՝ պայմանագրի ապահովում.
7) իրավախորհրդատուի կողմից մատուցված ծառայության արդյունքի դիմաց վճարումներն իրականացվում են հաշիվ-ապրանքագրերի, իսկ գլխավոր տեղաբաշխողների կողմից մատուցված ծառայության արդյունքի դիմաց վճարումները՝ տեղաբաշխումից ստացված հասույթից հաշվանցման միջոցով.
8) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ, 33-րդ և 71-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորումները:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝
1) իրավախորհրդատուի, գլխավոր տեղաբաշխողների և պարտավորությունների կառավարիչների ընտրությունն իրականացնելու նպատակով հրավերները կազմակերպություններին ներկայացվում են էլեկտրոնային փոստի միջոցով.
2) իրավախորհրդատուի ծառայությունների ձեռքբերման հրավերով նախատեսվում է, որ հայտով կազմակերպությունը ներկայացնում է՝
ա. մատուցվելիք ծառայության մանրամասն նկարագրությունը, շրջանակը, մատուցման ժամանակացույցը: Ընդ որում, հրավերով սահմանվում է, որ թողարկման ազդագրի կազմումը, ինչպես նաև գլխավոր տեղաբաշխողներին (հետգնման դեպքում՝ նաև պարտավորությունների կառավարիչներին) ընտրելու չափանիշների ու մոտեցումների սահմանման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը հանդիսանում են իրավախորհրդատուի պարտականությունը (0,4 գործակից),
բ. իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների (հետգնման դեպքում՝ նաև պարտավորությունների կառավարիչների) կողմից իրականացվող գործառույթների հստակ տարանջատումը (0,1 գործակից),
գ. մատուցվելիք ծառայության համար պահանջվող գումարի ընդհանուր չափը,
դ. հավելյալ և (կամ) չնախատեսված, այդ թվում՝ հնարավոր հետգնման ծառայությունների մատուցման դիմաց պահանջվող գումարի առավելագույն չափը,
ե. գործընկերոջ տվյալները, ով պետք է համակարգի իրավախորհրդատուի աշխատանքները թողարկողի հետ, այդ անձի ներգրավվածության աստիճանը գործընթացում և հարաբերությունները թողարկողի հետ (0,1 գործակից),
զ. իրավախորհրդատուի այն աշխատողների տվյալները, որոնք ներգրավվելու են ծառայությունների մատուցման գործընթացում (0,1 գործակից),
է. հավաստում իրավախորհրդատուի մասնագիտական պարտավորություններն ապահովագրված լինելու մասին՝ նշելով նաև պարտավորությունների առավելագույն ապահովագրական ծածկույթի չափը (0,2 գործակից),
ը. զարգացող երկրների համար վերջին տասը տարիների ընթացքում մատուցած նմանատիպ գործարքների քանակը (0,1 գործակից),
թ. հավաստում ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված ժամկետում կնքվելիք պայմանագրի նախագիծը ներկայացնելու մասին: Պայմանագրի նախագծում կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ պայմանով, որ դրանք չեն կարող հանգեցնել ընտրված մասնակցի հայտի բովանդակային փոփոխության և (կամ) առաջարկված գնի ավելացման.
3) գլխավոր տեղաբաշխողների ծառայությունների ձեռքբերման հրավերով նախատեսվում է, որ հայտով կազմակերպությունը ներկայացնում է առնվազն՝
ա. մատուցվելիք ծառայության մանրամասն նկարագրությունը և շրջանակը, եվրապարտատոմսերի թողարկման կազմակերպման հնարավոր մանրամասն ժամանակացույցը,
բ. մատուցվելիք ծառայության համար պահանջվող գումարի (գործարքից տոկոս) ընդհանուր չափը և դրա բացվածքը: Ծառայության գինը ներառում է թողարկումը և (կամ) հետգնումը կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերը` ներառյալ գլխավոր տեղաբաշխողի միջազգային իրավախորհրդատուի, գլխավոր տեղաբաշխողի հայկական իրավախորհրդատուի, իրազեկման արշավի, շնորհանդեսների հետ կապված ծախսերը, ինչպես նաև բորսայական, ցուցակման գործակալի, ֆիսկալ և վճարումների գործակալների, տպագրական և այլ ծախսեր,
գ. թողարկման համար առաջարկվող ֆինանսական պայմանները` ներառյալ թիրախային ծավալը, արժույթը, ժամկետայնությունը, անհրաժեշտության դեպքում, նաև տրանշերի բաժանումը, ինչպես նաև արժեկտրոնի եկամտաբերության ուղղորդիչ մեծությունը և սպրեդը: Այդ ֆինանսական պայմանների հիմնավորումը պետք է ներառի նաև համեմատություն նմանատիպ թողարկումների հետ,
դ. հնարավոր ներդրողների աշխարհագրական և ինստիտուցիոնալ բաշխվածքը և 5-10 պոտենցիալ ներդրողների անվանացանկը, որոնք կաջակցեն թողարկմանը,
ե. առաջարկվող մարքեթինգային ռազմավարությունը՝ ներառյալ առաջարկվող իրազեկման արշավի երթուղին, տևողությունը և վայրերը,
զ. գլխավոր տեղաբաշխողների քանակի վերաբերյալ առաջարկություն, ինչպես նաև աշխատանքների մանրամասն բաժանումը նրանց միջև,
է. ներդրողների շրջանակում պարտատոմսերի բաշխման կազմակերպության հնարավորությունների և եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացի ու երկրորդային շուկայում վաճառքների լրացուցիչ աջակցության նկարագիրը,
ը. տեղեկատվություն համապատասխան որակավորումների վերաբերյալ` ներառյալ վերջին 5 տարիներին եվրապարտատոմսերի թողարկումների փորձը, զարգացող շուկաներում պետական եվրապարտատոմսերի թողարկման հետ կապված գործունեությունը, ներգրավվածության աստիճանը տվյալ շուկաներին, նաև այլ նշանակալի փորձը,
թ. տեղեկատվություն գործարքի թիմի վերաբերյալ` ներառյալ գործընթացը կառավարող մասնագետների և նրանց ներգրավվածության, ինչպես նաև ամենօրյա աշխատանքներին ներգրավված մասնագետների, նրանց որակավորման և փորձի վերաբերյալ,
ժ. հավաստում այն մասին, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված ժամկետում կնքվելիք պայմանագրի նախագիծը ներկայացնում է ընտրված մասնակիցը (մասնակիցները): Պայմանագրի նախագծում կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ պայմանով, որ դրանք չեն կարող հանգեցնել ընտրված մասնակիցների հայտերի բովանդակային փոփոխության.
4) իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման ընթացակարգի շրջանակում ներկայացված հայտերում ներառված՝ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված յուրաքանչյուր չափանիշի տրվում է համապատասխան կշիռ՝ գործակից: Բոլոր չափորոշիչների գործակիցների գումարը մեկ է: Յուրաքանչյուր չափանիշին տրվում է 0-5 միավոր, որտեղ ամենաբարձր արդյունքը գնահատվում է 5 միավոր: Արդյունքը հավասար է յուրաքանչյուր չափանիշին տրված միավորի և կիրառվող գործակցի արտադրյալին: Ընդամենը հավասար է բոլոր արդյունքների գումարին: Որքան մեծ է ստացված ընդամենը միավորը, այնքան բարձր է գնահատվում մասնակցի ներկայացրած առաջարկը: Ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված մասնակցի հետ ներկայացված գնային առաջարկի նվազեցման նպատակով վարվում են բանակցություններ.
5) գլխավոր տեղաբաշխողների ծառայության ձեռքբերման ընթացակարգի շրջա-նակում ներկայացված հայտերում ներառված՝ հրավերով նախատեսված յուրաքանչյուր չափանիշի՝ բացառությամբ գնային առաջարկի, տրվում է գնահատական՝ 0-10 միավոր, որտեղ ամենաբարձր արդյունքը 10 միավոր է: Ընդամենը հավասար է բոլոր արդյունքների գումարին: Որքան մեծ է ստացված ընդամենը միավորը, այնքան բարձր է գնահատվում մասնակցի ներկայացրած առաջարկը: Ոչ գնային նվազագույն պայմաններով բարձր գնահատական ստացած մինչև հինգ մասնակիցների հետ գնային առաջարկների նվազեցման նպատակով վարվում են բանակցություններ, որոնց արդյունքում ստացված ցածր գնային առաջարկով համատեղ ծառայություն մատուցելու փոխհամաձայնություն հայտնած մասնակիցները հայտարարվում են ընտրված մասնակիցներ, որոնց հետ կնքվում է ծառայության մատուցման մեկ պայմանագիր.
6) թողարկված եվրապարտատոմսերի՝
ա. վերաբացում կամ հետգնում իրականացնելու համար իրավախորհրդատուի և (կամ) գլխավոր տեղաբաշխողների ընտրությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգավորումներին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի համաձայնությամբ՝ եվրապարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպած իրավախորհրդատուի և (կամ) գլխավոր տեղաբաշխողների միջոցով՝ կողմերի միջև փոխհամաձայնեցված գնով,
բ. հետգնման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգավորումներին համապատասխան՝ հաշվի առնելով հետգնմանը բնորոշ առանձնահատկությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023