Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2019, 918 - Ա

«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի 8՝ հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող՝ 10,358.87 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքից 2,153.88 քառ. մետր ընդհանուր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը՝ 117,232,781 դրամ կադաստրային արժեքով և 80,219,080 դրամ հաշվեկշռային արժեքով, և 3.18186 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասից 0.33 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14122018-06-0020 վկայական) (այսուհետ` անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության համապատասխան փոփոխության հաստատումն ու գրանցումը:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ անշարժ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միայն հիմնական գույքի (մնացորդի) նկատմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
6. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ձեռք բերված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման և հողամասի չափագրման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միջոցների հաշվին, իսկ ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023