Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2019, 987 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2019 թվականի օգոստոսի 6-17-ը կայանալիք համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
4. Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցանկը:


 

Արխիվ

2024

2023