8 Օգոստոսի 2019, 990 - Ն
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՉԱՓԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝
1) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աջակցության ձևը և չափը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմանը համապատասխան՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո երկշաբաթյա ժամկետում 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով ներկայացնել համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում այդ նպատակով միջոցառում նախատեսելու համար՝ ներկայացնելով համապատասխան ֆինանսական գնահատականները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: