Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 996 - Ա

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 222.210.01324) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04854):
2. Սահմանել, որ՝
1) «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան․
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածով նախատեսված լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
ա. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
բ. «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
գ. «Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և դրանց պետական գրանցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Արխիվ

2024

2023